Երկու տարի առաջ Արամեն երկրպագուների հետ նշեց "կյանքի 27-րդ առավոտը”` ծննդյան 27-ամյակը, որն իր համար նշանավորվեց երեւանյան առաջին`"Իմ կյանքի 27-րդ առավոտը” խորագիրը կրող մենահամերգով:
Երգիչն իր կյանքի 29-րդ տարվա առաջին առավոտը եւս դիմավորել ու անցկացրել է երկրպագուների, սիրելի մարդկանց ու գործընկերների հետ` այս անգամ ունենալով տեսահոլովակի եւ ձայնասկավառակի պրեմիերա-շնորհանդես, ինչն իր երկու տարվա աշխատանքի արդյունքն է:Երգիչն իր նոր ձայնասկավառակն անվանել է "Իմ միակ սիրելի”: Համանուն տեսահոլովակի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:
Արամեն դարձավ 29-ը տարեկան հոկտեմբերի 10-ին: Վաղ առավոտից երկրպագուների կողմից տարբեր նվերներ ու շնորհավորանքներ ստանալուց հետո երգիչը շտապել էր լրագրողների հետ հանդիպման`խոսելու օրվա ծրագրերի, նոյեմբերի 8-ին սպասվող մենահամերգի ու "Իմ միակ սիրելի”-ի մասին, ինչի հարցում երգչին օգնեց տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:"Մեծ անակնկալ էր, երբ այստեղ գալուց առաջ տատիկս ասաց, որ դռան առջեւ շատ մարդիկ են հավաքվել` ինձ շնորհավորելու: Երկրպագուներս տարբեր նվերներով ուրախացրին ինձ, անգամ ակվարիումով ձուկ էին բերել. ինձ մեղքի տակ են գցում, չեմ կարողանալու պահել այդ անմեղ կենդանիներին…”,-ասել է երգիչը, ում ծննդյան օրով "մեղքի տակ է գցել” նաեւ հանդիպմանը ներկա լրագրողներից մեկը, որին ամենաշատը հուզում էր երգչի` աղանդավորական խմբերի հանդեպ ունեցած վերաբերմունքը: